Գլխավոր դատախազը առաջարկում է անտառ հիմնել Երևանի հեռուստաաշտարակի մոտ վերադարձված հողում
Լուսանկարը` Sputnik
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կարող է հիմնվել անտառային «թթվածնային գոտի»՝ հանրային նշանակության հողերի վերաօգտագործման շրջանակում։ Նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Դատախազության կողմից ներկայացված հայցերի բավարարման արդյունքում, Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ 7 հա մակերեսով հողատարածքներ վերադարձվել են պետության սեփականություն։ Դրանց շուկայականին մոտ կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 3 միլիարդ դրամ կամ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար։
Վարդապետյանը ներկայացրել է նախաձեռնություն՝ այդ հողերը որպես հանրային բարիք օգտագործելու նպատակով՝ առաջարկելով ստեղծել անտառային գոտի։ Այս պահին հինգերորդ հողամասը, որի մակերեսը 1.7 հա է և արժեքը՝ ավելի քան 1 միլիարդ դրամ, որոշվել է ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը։ Նախատեսվում է հողամասը փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, իսկ այնուհետ նախաձեռնել նպատակային նշանակության փոփոխություն՝ տարածքն անտառի վերածելու համար։
Դատախազը նշել է, որ արդեն իսկ երկու հողամաս ամրացվել են նախարարությանը, և առաջիկայում նույնը կարվի մնացած տարածքների դեպքում։ Նրա համոզմամբ՝ այս քայլը կտա հնարավորությունը ձևավորել նոր կանաչ գոտի մայրաքաղաքում, որը դրական ազդեցություն կունենա երևանցիների կյանքի որակի վրա։