Հայաստանը վեց ամսով տուրք է սահմանում մետաղական արտադրանքի ներմուծման վրա
Լուսանկարը` primeminister.am
Պատրաստի մետաղական արտադրանքի ներմուծումը Հայաստան առաջիկա վեց ամիսների ընթացքում կհարկվի պետական տուրքով։ Կառավարության այս քայլը միտված է տեղական արտադրության պաշտպանությանը և մետաղագործության ոլորտի զարգացմանը։
Օգոստոսի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատեց պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը սահմանող որոշումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ որոշումը բխում է վերջերս ընդունված օրենքից, որի համաձայն՝ երրորդ երկրներից յուրաքանչյուր տոննա մետաղի ներմուծման համար սահմանվել է 29 հազար դրամ տուրք։
Նախարարը հիշեցրեց, որ վերջին տարիներին կառավարության ջանքերով ոլորտում կատարվել է շուրջ 150 միլիոն դոլարի ներդրում, ստեղծվել է 1000-ից ավելի աշխատատեղ, և զգալիորեն աճել է սև և գունավոր մետաղի վերամշակումը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանից մետաղ է արտահանվել՝ որպես մետաղալոմ, սակայն կառավարության սահմանած տուրքի շնորհիվ այդ հումքը սկսել են մշակել երկրի ներսում՝ ստեղծելով ավելացված արժեք, նոր աշխատատեղեր ու հարկային մուտքեր։
Հաջորդ փուլում կառավարությունն արգելեց հալված մետաղի արտահանումը, պարտադրելով այն վերածել կիսապատրաստուկի։ Իսկ 2024-ին սահմանվեց տուրք արդեն կիսապատրաստուկով արտահանումների վրա։ Արդյունքում, ինչպես նշեց նախարարը, այսօր արդեն գործում է Քարակերտի նորաձեւ քարաձուլման գործարանը։
Պապոյանը ընդգծեց՝ այս ամբողջ գործընթացի արդյունքում Հայաստանը փոխակերպվել է մետաղի հումք արտահանող երկրից՝ պատրաստի մետաղական արտադրանք թողարկող պետության, որը ոչ միայն բավարարում է ներքին պահանջարկը, այլև ունի արտահանման հավակնություն։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ ներմուծման տուրքը պետք է դիտարկել որպես հակադեմպինգային քայլ։ Նրա խոսքով՝ պնդումները, թե այս միջոցառումը արհեստականորեն բարձրացնում է ներմուծվող ապրանքների գինը, հիմնավոր չեն։ Տնտեսական տրամաբանությունն այն է, որ եթե ներմուծման ցածր գինը սպառնում է տեղական արտադրությանը, ապա դրա անհետացումից հետո գները կտրուկ աճում են՝ դառնալով բարձր՝ անգամ տեղական արտադրողի առաջարկից։