Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Նախարարը շնորհավորել է Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացման և այն նոր, ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրանց արդյունավետ իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կողմերը անդրադարձել են նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած և քննարկման փուլում գտնվող մի շարք ծրագրերի ընթացքին ու դրանց հետագա զարգացման հնարավոր ուղղություններին։