26.11.2024
Սերժ Սարգսյան. Հայաստանը վստահորեն ընթանում է առաջ՝ նոր տեսլականը խարսխելով անցած ձեռքբերումների վրա
11.10.2016
Սերժ Սարգսյան. Հայաստանը վստահորեն ընթանում է առաջ՝ նոր տեսլականը խարսխելով անցած ձեռքբերումների վրա

Անցած 25 տարիները լի էին ինչպես մարտահրավերներով, այնպես էլ՝ ձեռքբերումներով։ Քառորդդարյա անկախությունից հետո մենք վստահորեն ընթանում ենք առաջ՝ մեր նոր տեսլականը խարսխելով այն ձեռքբերումների վրա, որ արձանագրել ենք մեր աշխատասեր ու շնորհալի ժողովրդի և մեր բարեկամների ու գործընկերների ջանքերի շնորհիվ։ Այս մասին Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի իր ելույթում հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի խոսքով, միջոցառման խորագիրը՝ «Հայաստանը՝ դարպաս դեպի մեծ շուկաներ», պատահական չէ, քանզի Հայաստանի դերը, որպես այդպիսին, կանխորոշվել է դեռ վաղ անցյալում, մեր պատմությամբ, աշխարհագրությամբ և ինքնությամբ։ Գտնվելով մայրցամաքների խաչուղիներում` Հայաստանը մշտապես կամրջել է տարբեր քաղաքակրթություններ` հանդիսանալով մշակութային և առևտրային փոխանակումների համար շատ կարևոր կենտրոն։ «Ինչպես յուրաքանչյուր երկիր, Հայաստանն էլ ունի իր մրցակցային առավելությունները։ Հատկանշական է, որ մեր տնտեսության մրցակցային առավելություններն ինչ-որ առումով ծնունդ են Հայաստանի սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների։ Լինելով փոքր տնտեսություն` խորհրդային տնտեսվարության ժառանգությամբ, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, տարիներ ի վեր գտնվելով շրջափակման մեջ որոշ հարևանների կողմից՝ մենք երբեք չդարձանք դժվարությունների գերին: Հակառակը` դրանք օգտագործեցինք զարգացնելու ստեղծագործ միտքն ու հնարամտությունը։ Մարդկային կապիտալը դարձավ մեր բարեկեցության աղբյուրը, արդյունավետությունը՝ շարժիչ ուժը, իսկ հակադրվող շահերի համադրումը՝ մեր կենսակերպը»,- ասել է նա։ Թեև ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաև Հայաստանը, Սերժ Սարգսյանի խոսքով, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ: «Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը ձեռք է բերել մատչելի նորարարական և ՏՏ լուծումներ առաջարկող երկրի համբավ։ Մենք դառնում ենք հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացման, բարձր հավելյալ արժեք ունեցող, բարդ արտադրատեսակների նախագծման և արտադրության համար ցանկալի վայր։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում սկսնակներին՝ ազատելով նրանց շահութահարկից և կիրառելով ընդամենը 10% եկամտահարկ։ Որպես արդյունք՝ ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է միջինը 25% աճ»,- ներկայացրել է նախագահը։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտից բացի Հայաստանը հաջողություններ ունի նաև բժշկական զբոսաշրջության ոլորտում, հատկապես` ատամնաբուժական, որտեղ մատուցվում են որակյալ և անհամեմատ էժան ծառայություններ։ «Անցած 25 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքերը. Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, իսկ սահմանային առևտրի ցուցանիշով՝ 29-րդը: Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ: Այսօր մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ և ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձևավորել: Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը և ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են ևս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ: Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սևծովյան նավահանգիստները, ինչպես նաև ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների և Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը»,- թվարկել է երկրի ղեկավարը՝ ընդգծելով, որ շուտով խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Հայաստանը կդարձնի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Չինաստանի հետ համագործակցության խորացումից՝ նշելով, որ Հայաստանի տնտեսության մեջ մեծանում է նաև Չինաստանի ներգրավվածությունը՝ նոր տնտեսական հեռանկարներով, այդ թվում` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ծրագրի կյանքի կոչմամբ: Չի անտեսվել նաև սփյուռքը. «Մեր հայրենակիցների շնորհիվ մենք ոչ միայն ճանաչելի ենք մեզ համար կարևոր շուկաներ հանդիսացող երկրներում, այլև կարողանում ենք առավել արագ ծանոթանալ թիրախային շուկաների ներքին դինամիկային և արդյունավետ կապեր հաստատել այդ երկրների գործարար շրջանակների հետ: Նույն կերպ սփյուռքի շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանի տնտեսական գրավչությունը հասանելի դարձնել օտարերկրյա ներդրողներին: Սփյուռքահայ բազմաթիվ գործարարներ Հայաստանի անկախացումից ի վեր խոշոր ներդրումներ են իրականացրել Հայաստանում, հիմնել ձեռնարկություններ` այդ կերպ նպաստելով ոչ միայն մեր տնտեսական աճին, այլև Հայաստան են ներմուծել լավագույն գործարար ավանդույթներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: