Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ և ոգու ամրություն:
Խնդրում եմ այս ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած ողբերգությունը 41 մարդու կյանք է խլել: