Պահանջարկը մեծ է. «Տուրեցկու երգչախումբը» Երևանում երկու համերգ կտա
Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով:
Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախումբը մայիսի 27-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր: «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երկացանկի լավագույն ստեղծագործությունները:
Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել:
«Տուրեցկու երգչախումբ»-ը երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին:
Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր` անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: «Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրի գտնել «իր» երաժշտությունը: Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 5 տարի առաջ՝ 2012 թվականին:
Երգչախմբի համերգները կազմակերպել են Prime Production-ը և SolArt ընկերությունը: