Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բողոք է ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատախազություն ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի: Այս մասին, հղում անելով t24.com.tr կայքին, գրում է Tert.am-ը: Օրեր առաջ Քարամանն իր հերթական հոդվածներից մեկը վերնագրել էր թուրքական «Խոզի կաշվից սփռոց դուրս չի գա, գյավուրից էլ բարեկամ դուրս չի գա» ասացվածքով՝ դրանով վիրավորելով քրիստոնյաներին: Իր հոդվածում «Յենի Շաֆաք»-ի հոդվածագիրը մեջբերել էր Ղուրանում տեղ գտած հրահանգները ոչ մահմեդական ժողովուրդների հետ փոխհարաբերությունների ու նրանց հետ վարվելու կանոնների մասին: Փայլանը մեղադրել է թուրք սյունակագրին ժողովրդի մեջ ատելություն սերմանելու, ինչպես նաև հասարակության որոշակի զանգվածի նվաստացնելու մասին հոդվածների համար: