Կոտայքի մարզպետը դիմել է դատախազին՝ Աբովյանում իրավախախտումների հետքերով
ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին:
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ 2019 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 3152 –րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ըստ մամուլի՝ Կոտայքի մարզպետը փորձում է Աբովյան քաղաքը «խլել» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից. հունիսի 9-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է առաջադրել սեփական թեկնածուին: