Առաջին անգամ Հայաստան կժամանի լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը
Մայիսի 13-ին տեղի կունենա հոբելյանական տարվա հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը:
Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում:
Իվո Պոգորելիչը ընդլայնել է երաժշտական մեկնաբանության հորիզոնները` սահմանելով նոր չափանիշներ համաշխարհային դաշնամուրային կատարողական արվեստում: Նրա համերգներն ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութային իրադարձությունները` միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ Իվո Պոգորելիչը աստղը առանձնանում է պատմության մեջ եղած բոլոր մեծագույն դաշնակահարների համաստեղությունից:
Դեռևս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխը անվանեց հանճար, ում համերգները հետագայում դարձան կուլտային և սենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում, ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» և SONY ընկերությունների համար: Նա առաջին դասական երաժիշտն էր, ում ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ «Իդաջիո» հարթակով:
Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները, նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների: Իվո Պոգորելիչը առաջին դասական երաժիշտն է, ում 1988թ.-ին պատիվ է ընձեռնվել ստանալու ՅՈՒՆԵՍԿՈ-յի բարի կամքի դեսպանի կոչումը:
2019թ. դաշնակահարի համար հոբելյանական է. նշվում է նրա ծննդյան 60 և ստեղծագարծական գործունեության 40-ամյակները: Հոբելյանական շրջագայությանները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի մենահամերգին կհաջորդի Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ համերգը` մայիսի 28-ին: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: