14.06.2025
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
05.09.2019
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, համաձայնագրի կնքման հիմնական նպատակը երկրների համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումն է: Արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են, մասնավորապես, պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի, ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար: ՀՀ արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ, ինչպես և մյուս ԵԱՏՄ անդամ պետությունները: Համաձայնագիրը նախատեսում է մաքսային մարմինների հետ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների փոխազդեցության ավելի կանխատեսելի կարգ, ինչպես նաև պարունակում է կողմերի իրավասու մարմինների միջև վարչական համագործակցության ընդլայնված գործիքակազմ՝ ուղղված օպերատիվ փոխգործակցությանը վիճահարույց հարցերի քննարկման ժամանակ, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում սակագնային արտոնությունների ստացման համար հնարավոր չարաշահումների կանխարգելմանը: