31.07.2025
Բաքուն հիասթափվել է. Փաշինյանը չի պատրաստվում զիջումների գնալ Արցախում
30.09.2019
Բաքուն հիասթափվել է. Փաշինյանը չի պատրաստվում զիջումների գնալ Արցախում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել: Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ: Նա հավելել է, որ Երևանը իր հայտարարություններով վիժեցնում է այդ գործընթացը և խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը: Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի: Մամեդյարովի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը, չնայած տարբեր մեղադրանքներին նրա հասցեին, ղարաբաղյան հարցում չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների ադրբեջանական կողմին և Բաքվի հույսերը Փաշինյանի առումով չեն արդարանում: Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ղարաբաղյան հարցը չի լուծվում, քանի որ Երևանում իշխանության է, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը, այսինքն մարդիկ, ովքեր անցել են ղարաբաղյան պատերազմով, ծնունդով Արցախից են և նրանց համար անընդունելի է որևէ զիջում Բաքվին: Բաքուն թավշյա հեղափոխության օրերին և դրանից ամիսներ անց հույս ուներ փորձել ՀՀ-ի նոր իշխանությունից արագ կորզել մադրիդյան սկզբունքների հիման վրա տարածքային զիջումներ Արցախում: Սակայն Փաշինյանը հեղափոխությունից հետո թայմ-աուտ վերցրեց բանակցություններում և հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, մյուս կողմից՝ ժամանակ խնդրեց ծանոթանալու համար ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրուքներին: Այժմ Մամեդյարովը հայտարարում է, որ Երևանն է բոյկոտում բանակցություններն և իբր հայկական կողմը չի ցանկանում հարցի խաղաղ կարգավորում՝ դրանով նաև ենթատեքստով սպառնում է Արցախին նոր պատերազմով: Չնայած ներքաղաքական զարգացումներին և հայտարարություններին, Փաշինյանը, ինչպես և հայկական ցանկացած ղեկավար, չի կարող գնալ Արցախում միակողմանի զիջումների՝ Ադրբեջանը դա կընկալի թուլության նշան, ինչը օր առաջ կմոտեցնի լայնածավալ պատերազմը: Փաշինյանը ժամանակ է ձգում՝ դրանով փորձելով ամրապնդել բանակն ու հարցի կարգավորումն ևս անորոշ ժամանակով հետաձգել՝ պահպանելով այսօրվա ստատուս-քվոն Արցախում: ՀՀ-ն ու Արցախն, անկախ ներքին որոշակի հակասություններից, պետք է պահպանեն միասնականությունն արտաքին թշնամու առկայության պայմաններում և միասնական հանդես գան Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման առումով: Ղարաբաղյան հարցը չի կարելի շահարկել ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար և փորձել «Արցախը հանձնելու» մասին պիտակը կպցնել Նիկոլ Փաշինյանին այն պարագայում, որ այդպիսի նախադրյալներ չկան: Բացի այդ, Փաշինյանը գիտակցում է, որ Արցախում միակողմանի զիջումները կարող են առաջացնել ներքաղաքական երկրաշարժ՝ իշխանության տապալման տեսքով: Արցախն այն բաց նյարդն է, որը կարող է ժամերի ընթացքում փողոցներ հանել հարյուր հազարավոր մարդկանց, իսկ զիջումները քաղաքական ինքնասպանություն են ցանկացած հայ քաղաքական գործչի համար: