14.06.2025
Կիրականացվի՞ արդյոք նոր ՇՄԱԳ. Ամուլսարի հանքի գործով ելակետային տվյալները սխալ են եղել
04.09.2019
Կիրականացվի՞ արդյոք նոր ՇՄԱԳ. Ամուլսարի հանքի գործով ելակետային տվյալները սխալ են եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար: Ավելի վաղ կառավարությունը «Էլարդ» ըներկության փորձաքննությունից հետոեւ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության հիման վրա որոշում էր կայացրել թույլատրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել Ամուլսարի հանքի շահագործումը, որը շուրջ մեկ տարի է դադարեցված է բնապահպանների ու տեղացիների բողոքի ակցիաների հետեւանքով: Այնուհետեւ պարզվեց, որ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են: Ի դեպ, հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: Փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանին անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է: Այս բացահայտմանը հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ELARD ընկերության հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսը, որտեղ վարչապետն անակնկալի եկավ, երբ տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն ELARD-ից լրացուցիչ առաջարկություններ է ուզել, որոնք կատարելու դեպքում թույլ կտան հանքի շահագործման ռիսկերը վերահսկելի դարձնել: Այս ամենից հետո Քննչական կոմիտեում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց: Այն դեռեւս չի ավարտվել: Այժմ կառավարությունում քննարկում են նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) իրականացնելու հնարավորությունը: