24.11.2024
Գրանցվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, սահմանային ռեժիմի խախտման՝ 27. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Աշնանը սպասվում է կորոնավիրուսի համաճարակի դեպքերի աճ. նախարար

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է կայուն, բայց՝ ծանր: Այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաեւ էական դրական միտում էլ չկա: Այդ մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, կորոնավիրուսով հիվանդացած և հոսպիտալացմանը տանը սպասող քաղաքացի քանի օր է չունեն: «Ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս», - հավելեց նա՝ նշելով, որ առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ 13 քաղաքացի, որոնց մտ հաստատվել է կորոնավիրուս, պետք է տեղափոխվեն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ:


«Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար։ Մենք պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը եւ նաեւ շարունակենք ծավալումը: Դեռ նոր ծավալումներ լինելու են մոտակա թե՛ շաբաթներին, թե՛ ամիսներին։ Եթե 2 բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաեւ էական դրական միտում էլ չկա»,- հայտարարեց Թորոսյանը։


Նախարարը նաև տեղեկացրեց, որ նոր հիվանդանոցներ են ծավալվում: «Սպիտակն ամբողջությամբ արդեն ծավալված է, եւ 120 մահճակալը գրեթե ամբողջությամբ զբաղված է։ Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական է, մի քանի տեխնիկական հարց կար, մոտ օրերս վերջնական տեղի կունենա։ Վերակենդանացման բաժանմունքների առումով մենք ունենք 3 սպասվող՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Միքայելյան վիրաբուժության եւ Էրեբունի բժշկական կենտրոնում», - ասաց նա։


Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը, նրա խոքով, գրեթե պատրաստ է։ «1 շաբաթից կծավալվի ամբողջությամբ, դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք՝ մոտ 25 մահճակալանոց եւ գործող այս պահին մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսային հիվանդությանը», - ասաց նա։


Նախարարի խոսքով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետեւ լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, եւ դրանք զրոյից են ստեղծվում։


«Մեր նախնական թիրախային ժամկետները օգոստոսի կես, մինչեւ սեպտեմբեր է։ Եվ եթե ենթադրենք, որ նաեւ ամբողջ աշխարհում ակնկալվում է, այդ թվում՝ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին կլինի՝ ի սպասում այդ աճի»,- նշեց Թորոսյանը: