Ծառուկյանին պատկանող «Շան Գրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից
Ֆինանսների նախարարությունը հուլիսի 8-ին կայացած նիստում ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։
Հայտնի է, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի խաղատան անվանումն է «Շան Գրի Լա», որը համաձայն ֆինանսների նախարարության հայտարարության, չի վճարել ս․թ․ երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։ Որոշումը ներկայացնում ենք ստորև.
«1. Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:
2. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ 16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության դադարեցման հարցի քնննարկումը հետաձգել մինչև 17.07.2020թ., ժամը 11:00»,- նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ:
Հատկանշական է նաև, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Այնուհետև հունիսի 21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրցած միջնորդությունը մերժվեց: Ծառուկյանը մեղադրվում է ընտրողների ազատ կամարտահայտությանը բռնանալու մեջ:
Հուլիսի 8-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։