23.11.2024
ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով. հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ են գրել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 400 մլն դրամի վարկերը. փոխվարչապետ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, համաձայն որի, եթե տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն սուբսիդավորել 400 մլն դրամի չափով եւ արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար:


Այդ մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ մինչ այդ գործել է հետևյալ կարգը. «Մինչեւ 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչեւ 1 տարի ժամանակահատվածի համար»։


Գրիգորյանի խոսքով, եթե համալրումը իրականացվել է կամ կիրականացվի 2020-ին 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն դրամին համարժեք վարկ 48 ամսվա համար։


«Սա կարծում եմ՝ լրջագույն խթան է, եթե պարզ հաշվարկ անենք, ըստ էության, սա տարեկան խնայողություն է տնտեսվարողի համար սուբսիդավորման առումով, իսկ մենք, կախված նպատակից, մինչեւ ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր գործիք է», - ասաց փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ 1 հայտ այս կանոնով բավարարվել է, եւս 2 հայտ քննարկման փուլում է:


Նա կարծում եմ՝ այս գործիքը պետք է մեծ տարածում ստանա: Այս համատեքստում Գրիգորյանը հիշեցրեց նաեւ իրականացված հարկային բարեփոխումները, որոնք, իր դիտարկմամբ, շատ ռազմավարական են։


«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դրա արդյունքում տնտեսության մեջ առնվազն հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել։ Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որը, ըստ էության, ռազմավարական փոփոխություն է, դա ժամանակավոր գործողություն չէ, միշտ գործելու է։ Աննախադեպ հնարավորություն կա, որ շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից։


Նաեւ տուգանքների մասով փափկեցում է տեղի ունեցել. 0.075 տոկոս օրական տույժը դարձել է 0.04 տոկոս, որը բավականին ողջամիտ է եւ, վստահաբար, ողջամիտ ուշացումների համար որեւէ կրիտիկական հետեւանք չի առաջացնի տնտեսվարողների համար։ Արգելանք դնելու շեմն էլ 1.5 մլն դրամի է հասել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։