23.11.2024
Պարետատան սահմանած կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 74548 արձանագրություն
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին դատախազության միջնորդությանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն առարկություն է ներկայացրել դատախազության միջնորդությանը, որով վերջիններս խնդրում են դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրանց՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։


Պաշտպան Հովհաննես Խուդոյանն, առարկելով միջնորդությանը նշել է, որ դա ամբաստանյալին պաշտպանության իրավունքից զրկելու միջնորդություն է։ Ըստ նրա՝ այդպիսով դատարանը և դատախազները թույլ չեն տալու ամբաստանյալներին իրացնել պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։


«Չնայած միջնորդությունը վերնագրված է եղել այլ կերպ, բայց հենց դրա մասին է»,-ասել է Հ. Խուդոյանը։


Փաստաբան Արամ Վարդևանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տվյալ գործի վերաբերյալ մեկնաբանություններ են հնչում քաղաքական բարձր ամբիոններից։ Մասնավորապես, նա հիշեցրել է վերջերս ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ելույթը, ով հարցրել էր դատախազին, թե ինչո՞ւ է փաստաբանների գործողությունների պատճառով ձգձգվում Քոչարյանի գործով դատավարությունը: Ավելին, պատգամավորը ցուցումներ է հնչեցրել, թե ինչ անի դատախազությունը։


Փաստաբան Հայկ Ալումյանը, մեջբերելով դատախազների միջնորդությունն, ընդգծել է, որ օրենսդրությունը չի նախատեսում միջնորդություն ներկայացնելու իրավունքի սահմանափակում, այլ միայն որոշակի հանգամանքներում կոնկրետ միջնորդության սահմանափակում:


«Միջնորդությունը համարում եմ բացարձակ անհիմն և օրենքին հակասող»,-հայտարարեց փաստաբանը:


Գործով անցնող Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը կրկին միջնորդեցլ են սույն գործով վարույթը կասեցնել և դիմել ՍԴ։ Կարեն Մեժլումյանը հիշեցրել է, որ այս միջնորդությունը ներկայացրել է օգոստոսի 22-ին, սակայն այն մնացել է առանց քննության, քանի որ խափանման միջոցի փոփոխման միջնորդություններ են ներկայացվել, որոնք քննվել են հրատապության կարգով։