26.12.2024
ԵՏՄ. ընդհանուր աշխատաշուկա միգրացիոն խնդիրներով
06.02.2015
ԵՏՄ. ընդհանուր աշխատաշուկա միգրացիոն խնդիրներով

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետություններում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից՝ 2015թ. հունվարի 2-ից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Հարկավոր է միայն պայմանագիր Եգանյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք, հայտնում է panorama.am-ը: Ծառայության պետը նշեց նաև, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ որում՝ պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները կարող են ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքում միգրանտներից պահանջվող փաստաթղթերին, Գագիկ Եգանյանը նշեց, որ պայմանագրի հիման վրա աշխատող Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր, թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր, ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր: Բացի այդ, ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց՝ պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում: Եգանյանը նշեց նաև, որ ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: Ընդ որում, աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները, միգրացիոն քարտի «այցի նպատակը» տողում պետք է պարտադիր նշեն «աշխատանք» բառը: Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30-օրյա ժամկետը: 180 հազար մարդ ռիսկի գոտում Այսօրվա դրությամբ Հայաստանի արդեն 50-60 հազար քաղաքացիներ բարդ իրավիճակում են հայտնվել: Նրանք, ըստ Եգանյանի, մեկնել են Ռուսաստանի տարածքից, հիմնականում գտնվում են Հայաստանում եւ չեն կարող հետ վերադառնալ այնտեղ, քանի որ խախտել են այդ երկրի միգրացիոն օրենսդրության պահանջները: Նրա խոսքով՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով որոշակի խախտում թույլ տված քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք: «Ըստ ռուսական աղբյուրների՝ ներկայումս ավելի քան 3 մլն մարդ հայտնվել է Ռուսաստանի օրենսդրական նորմերը խախտողների թվում: Նրանց նկատմամբ մինչեւ 10 տարվա արգելք կկիրառվի», - հաղորդել է Գագիկ Եգանյանը, հայտնում է news.am-ը: Նրանցից ավելի քան 180 հազարը Հայաստանի քաղաքացիներ են: «Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում մենք համաձայնության եկանք, որ դեպի Ռուսաստան մուտքի արգելքի չեղարկման վերաբերյալ Հայատանի քաղաքացիների դիմումները համապատասխան փաստաթղթերի հետ միասին փոխանցվեն ռուսական կողմին: Մենք արդեն 3600 դիմում ենք փոխանցել», - նշել է Եգանյանը: Նրա խոսքով՝ օրական մոտ 50-60 քաղաքացի է դիմում Հայաստանի Միգրացիոն ծառայությունը: «Մենք արդեն 2800-2900 դիմումի պատասխան ենք ստացել: Դրական ելքով պատասխանները կազմում են 22-23%», - ընդգծել է Գագիկ Եգանյանը: Մնացած դեպքերում կամ նշվում է, որ մեկնման արգելքը կապված է տվյալ անձի նկատմամբ դատական վճռի առկայության հետ: «Կամ էլ պատասխանում են, որ այդ անձի նկատմամբ դեպի Ռուսաստան մեկնման արգելքի չեղարկման հիմքեր չեն տեսնում»,-նշել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետը: Հնարավորության դեպքում չգնալ Մասնագետները խորհուրդ են տալիս աշխատանքային միգրանտներին ծանոթանալ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությանը, իմանալ սեփական իրավունքները և հնարավորության դեպքում 2015 թվականին զերծ մնալ ՌԴ մեկնելուց: Այդ ժամանակահատվածում, նշում են մասնագետները, կավարտվի Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության դինամիկ փոփոխությունների ու խստացումների փուլը, և մարդիկ կտեսնեն որոշակիություն: Բացի այդ, այս պահի դրությամբ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի անկման և ռուբլու կտրուկ արժեզրկման պայմաններում սկսում կորել աշխատանքային միգրացիայի տնտեսական իմաստը: Ըստ փորձագիտական տվյալների՝ տարեկան Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնում մոտ 200-220 հազար մարդ: Աշխատանքային միգրացիան նրանց ընտանիքների համար ապրուստի միջոց է: Արտագնա աշխատանքներից գոյացած գումարը, որը մասնավոր տրանսֆերտների տեսքով բանկերի միջոցով փոխանցվում է Հայաստան, տնտեսության, հատկապես սպառման ոլորտի համար ապահովում է լրացուցիչ միջոցներ: Անցած տարում, սակայն, ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը, հիմնականում ռուբլու արժեզրկման պատճառով, կրճատվել է մոտ 10 տոկոսով: 2013թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 1 միլիարդ 727 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014թ.-ին 1 միլիարդ 554 միլիոն դոլար: «Հաշվի առնելով Ռուսաստանում տարբեր պատճառներով արդեն երկու տարի շարունակ ընթացող միգրացիոն օրենսդրության խստացումները և վատթարացող տնտեսական վիճակը, ես խորհուրդ կտայի Հայաստանի քաղաքացիներին հնարավորության դեպքում այս տարի զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց: Այս ընթացքում ՌԴ միգրացիոն քաղաքականության և Ռուսաստանի տնտեսական վիճակի մեջ կմտնի որոշակիություն: Կամ եթե մարդիկ պետք է մեկնեն և այլ տարբերակ չունեն, անպայման երաշխիք ստանան, թե որտեղ, ինչ աշխատանք և ինչ պայմաններով են առաջարկվում», - նշում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: