24.11.2024
Մամուլ. Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը
prev Նախորդ նորություն

Չեխիան չի վաճառել զենք այնպիսի վտանգավոր երկրի, ինչպիսին Ադրբեջանն է. Շտեխ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միան խաղաղ ճանապարհով: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը։


Պաշտոնյայի խոսքով՝ իր համար ընդունելի է միայն մեկ տարբերակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների ջանքերը հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորել:  


«Այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան պետք է կարողանան ապահովել հակամարտության արդար և խաղաղ լուծումը»,- ասաց նա։


Օրերս հայտնի դարձավ, որ չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հայտնվել են Ադրբեջանում՝ այն դեպքում, երբ Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով: Սա նշանակում է, որ զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը: Ներկայումս Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես է Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրությունը:


Անդրադառնալով այս հարցին, Միլան Շտեխը նշեց, որ չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել և  իրենք չեն հասկանում, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում:


«Ինչ-որ չեխական զենքեր են հայտնվել Ադրբեջանում: Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,- ասաց Միլան Շտեխը:


Նշենք, որ նախքան ասուլիսը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:


Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում:


Միլան Շտեխը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել եւ հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է: «Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են եւ արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,-ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը: