24.11.2024
Ստվերում գործող գործարարներին բացահայտելը էժան PR՞ է. Ո՞ւմ է պաշտպանում ՊԵԿ նախագահը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը: Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս հայտնել էր, որ վրացական կողմը արդեն մերժել է: «Վրացական կողմը ձգձգեց Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը, ինչքան որ ես տեղեկացված եմ՝ արդեն մերժել է: Ամեն պետություն իր իրավունքի շրջանակներում է դիտարկում ագրեմանի տրամադրումը, և այստեղ մենք կարող ենք հետագայում հետևություններ և եզրակացություններ անել»,- շեշտել էր նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ միայն Սերժ Սարգսյանն է նախատել սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանին, այլև, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը կանչել է սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին, զրուցել, մանրամասն «ուսումնասիրել» ասուլիսում նրա ասած մտքերը, ապա հեռախոսազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ առ այն, որ «էս մարդն» (Ռոստոմյանը) ամենևին էլ չի ուզեցել նեղացնել որևէ մեկին, էլ առավել՝ իրեն, և իզուր է եղբայր Կարենը «վրդովվել» ու հայտարարություն տարածել՝ սպորտի նախարարի «պորտը տեղը դնող»: Ըստ նույն աղբյուրների` հեռախոսազրույցն ավարտվել է «լավով», այնուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանին «վատ-վատ բաներ ասի», մասնավորապես՝ չկատարած ներդրումների մասով, ինչին կառավարությունում ներողամիտ ժպիտով են վերաբերվում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ հիմնականում ՀՀԿ-ն պայքարելու է ՀՀԿ-ի դեմ: Բայց ինչպես ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ ՀՀԿ-ն շատ համայնքներում կոնկրետ թեկնածուների չի պաշտպանելու: Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն՝ Արմավիրում, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը՝ Վայոց ձորում և Բերդն ու Աչաջուրը՝ Տավուշի մարզում: Օրինակ՝ Վարդենիս համայնքում 3 ՀՀԿ-ական է մտադիր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Արամ Հարությունյանը և երիտասարդ Կարեն Մկրտչյանը: Հիմա ՀՀԿ բարձրագույն մարմինը ի՞նչ դիրքորոշում ունի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Թադևոսյանը պատասխանեց. «Դաշտը թողնված է ազատ, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կընտրվի: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաև այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում: ՀՀ վարչական դատարանում նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը մեզ հետ զրույցում պատմել է. «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել և վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևացել: Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է և չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, և այն ընդունվել է վարույթ»,- ասաց նա»:


«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Արդարադատության նախարարը հայտարարագրել է վեց բնակարան ու մեկական այգետնակ, հողամաս ու անհատական բնակելի տուն: Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել: Նրա սեփականության մասն են համարվում նաև մետաղադրամների ու գեղանկարների՝ առանձին-առանձին 8 միլիոն դրամը գերազանցող հավաքածուները: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 806 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձից»: