24.11.2024
ԱԺ-ն դեմ քվեարկեց Ելք-ի՝ ԵԱՏՄ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին
prev Նախորդ նորություն

Ստվերում գործող գործարարներին բացահայտելը էժան PR՞ է. Ո՞ւմ է պաշտպանում ՊԵԿ նախագահը

2017 թվականի 9 ամսվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Հարկային մասով աճը կազմել է 6.7 տոկոս, մաքսային մասով՝ 18.3 տոկոս: Այս մասին ասուլիսում հայտարարեց կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:


Պաշտոնյայի խոսքով, նախորդ տարվա 9 ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: «Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ` գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում»,- ասաց Հարությունյանը:


ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճար­­ները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորու­թյունները (ապառք) 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:


«Տարեսկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճ է արձանագրվել, ինչը տնտեսության դրական միտումներ է փաստում՝ բնակչության գնողունակության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում: 2017 թվականի հունվարից գնահատվում է հարյուր միլիոն դրամ և ավել իրացման շրջանառություն հայտարարած 4537 առևտրային հարկ վճարողների մոտ առկա ստվերը: Վերլուծությունների արդյունքում` 2085–ի մոտ վերհանվել են ռիսկեր և գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է շուրջ 2,8 միլիարդ դրամ: Ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել չվճարված հարկերը: Իրականացված շուրջ երկու հազար միջոցառումների արդյունքում արձանագրվել է 2,2 մլրդ դրամի բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար»,- ընդգծեց նա:


Ուշագրավն այն է, որ ստվերում գործող խոշոր գործարարներին ՊԵԿ-ը չի շտապում բացահայտել.


«Եթե ուզում եք որևէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ, ինչպես նախորդ ասուլիսի ժամանակ, այնպես էլ այս անգամ չեք լսելու: Մենք մեր գործն ենք անում և էժան PR-ով չենք զբաղվում»,- արձագանքեց նա՝ փաստելով, որ առաջին անգամ չէ, որ հրաժարվում է բացահայտել այն անունները, որոնք խախտումների հեղինակներ են, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: