Նախորդ տարվա համեմատ Հայաստանը տարվա արդյունքներով կարձանագրի շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ: Չորրորդ եռամսյակում այդ աճ, ըստ կանխատեսումների, կկազմի առնվազն 25 տոկոս: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային, բայց, այնուամենայնիվ, այդ ցուցանիշները չեն գոհացնում: Կայուն տնտեսական աճ ապահովելու համար պետք է միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը ներդնենք, որպեսզի ՀՆԱ-ի մեջ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս»,- ասաց նախարարը: Կարայանի խոսքով՝ Հայաստանն ունի ցածր արտահանման ներուժ հարևան երկրների նկատմամբ, առկա է անգամ չօգտագործված ներուժ: Շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը՝ ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների, այդ նպատակով փորձելու են դիվերսիֆիկացնել արտահանումը՝ ըստ երկրների և ըստ ապանքնատեսակների: Արտահանման աճը ապահովել են հայկական ապրանքատեսակները, ըստ այդմ՝ տարին ամփոփում ենք արդյունաբերության ոլորտի 7 տոկոս աճով։ Նախարարը նշեց, որ աճել են արտահանման ծավալները դեպի ԵՄ և աշխատանքներ են տարվում արտահանման ծավալները ԵՄ շուկաներ ավելացնելուն ուղղված. «Դա կարևորագույն քայլերից մեկն է»,- հավելեց նախարարը: