Հայաստանը պետք է խորացնի ՀԱՊԿ կապերը. Շարմազանով
Տարածաշրջանային վերջին զարգացումներն ու «Հայրենիք-սփյուռք» համաժողովը ցույց տվեցին, որ մեր թիվ մեկ օրակարգային հարցը Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն է: Այս մասին ԱԺ ավանդական հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշատակելով և կարևորելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սկզբունքները Նյու Յորքում, Շարմազանովը հիշեցրեց առաջին սկզբունքը, այն է՝ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:
«Երկրորդ՝ այս կոնֆլիկտը ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, որի հիմքում ընդգրկված է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը: Երրորդ՝ այս տարիների ընթացքում Ադրբեջանն ապացուցել է, որ նա քարոզում է հայատյաց քաղաքականություն ու վերածվել է ռասիստական պետության: Չորրորդ՝ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,- ասաց Աժ փոխնախագահը:
Անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որով Թուրքիային ասովւմ էր, որ արձանագրությունները չվավերացնելու դեպքում 2018-ի գարնանը մենք առանց դրանց կդիմավորենք, հատկապես, եթե Թուրքիան շարունակի վերջնագրերով խոսել: Ըստ Շարմազանովի՝ երբ տարածաշրջանում բազում մարտահրավերներ կան, Հայաստանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի իր անվտանգության համակարգին: Եվ այդ կոնտեքստում կարևորեց ՀԱՊԿ անդամակցությունը.
«Հայաստանը պետք է խորացնի ՀԱՊԿ կապերը, պետք է զերծ մնալ ավանտյուրիստական ճանապարհով գնալուց: Այսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիրն» է: Եվ շատ կարևոր է, որ հոկտեմբերին այստեղ տեղի կունենան ՀԱՊԿ զորավարժություններ, որոնք ևս մեկ անգամ կկարևորեն անվտանգության բաղադրիչի արդիականությունը Հայաստանում»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը: