24.11.2024
ՌԴ-ն և Բելառուսը Հայաստանի ռազմական տեխնիկան ներքին գներով կնորոգեն
prev Նախորդ նորություն

«ՌԴ-ն մեզ պետք է այնքան, որքան մենք՝ ՌԴ-ին». Միացյալ խմբավորման համաձայնագիրն ԱԺ-ում է

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվեց քննարկման Ազգային Ժողովին:


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով, համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում:


Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համաձայնագիրը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից եւ ռազմական դոկտրինից: Ըստ նրա՝ դա տրամաբանական եւ օրինաչափ է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ եւ գտնվում են անվտանգության նույն՝ ՀԱՊԿ համակարգում: Անդրադառնալով այն մտահոգություններին, որ հնչեցնում էր ընդդիմությունը համաձայնագրին Ադրբեջանի հավանական միանալու մասին, Շարմազանովը նշեց, որ դա բացառվում է, քանի որ դրա համար չկա համապատասխան իրավապայմանագրային բազա:


«Ադրբեջանն ու Ռուսաստանը գտնվում են անվտանգության տարբեր համակարգերում. Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են ՀԱՊԿ-ում, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ է եւ Պակիստանի հետ միասին խրախուսել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- հավելեց իր ելույթը Էդուարդ Շարմազանովը:

Համաձայնագրի քննարկման ժամանակ ընդդիմաադիր Ելք խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ իր մտահոգությունները կապված են, մասնավորապես, ներքին սպառնալիքի դեպքում ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորման գործունեության հետ: Ընդհանուր առմամբ ընդդիմության հիմնական հարցը կապված էր համաձայնագրի ընդունման նպատակահարմարության հետ, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության հարցերը: Սակայն զեկուցողներն ընդգծեցին, որ համաձայնագիրը մեր ռազմական անվտանգային կարողությունները փաստացի ավելացնելու եւ կատարելագործելու հնարավորություն է: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Ռուսաստանը միակ պետությունն է, որի համար հարավային ուղղությամբ կենսական ռազմավարական հետաքրքրություններն անվտանգության ոլորտում համընկնում են Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների հետ.


«Ռուսաստանն այս հարցում մեզ պետք է այնքան, որքան մենք՝ ՌԴ-ին»,- շեշտեց նա:


Իսկ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, նշեց, որ այն պատասխան է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմավարական դաշինքի եւ փոխօգնության մասին պայմանագրին: 


Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը: