23.11.2024
Մամուլ. ԱՄՆ-ի կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել
prev Նախորդ նորություն

Ձեռնամարտի վերածվող ԱԺ-ական կրքեր. Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Փաշինյանի վրա

Հայաստանի Ազգային ժողովում հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրերի շուրջ քննարկումների ժամանակ կրքերը կտրուկ թեժացել են: Բանավեճը ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների միջեւ վերածվել է ձեռնամարտի հոկտեմբերի 5-ին ԱԺ նիստերի դահլիճից դուրս:


Հիշեցնենք, ԱԺ քառօրյա օրակարգում ընդգրկված են երկու փաստաթղթեր, որոնք թեժ քննարկումների առիթ դարձան: Դրանք են «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը» եւ «2016թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագրը:


Աժ-ում կարծիքների փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով երկրորդ փաստաթղթերին, որով, ըստ ընդդիմադիրների, Ռուսաստանն իրավունք է վերապահվում ստուգել Հայաստանին տրամադրվող ռուսական զենքերի նպատակային օգտագործումը, հայտարարել է, որ Ռուսաստանի «մեր ձեռքից ՀՀ իշխանությունը հատիկ-հատիկ տանում է»:


«Ինչ է նշանակում այս համաձայնագիրը, որ Ռուսաստանը պետք է գա ու վերահսկի, թե մեզ մատակարարված իսկանդերը տեղու՞մ է, թե՞ չէ: Սա մի մեխանիզմ է, որի ժամանակ իսկանդերը օգտագործելիս պետք է մի հատ զանգես, ճշտես, հա կասեն, թե՝ չէ: Մենք մինչեւ հիմա ապացույց չունեցանք, որ նման վերահսկողություն Ռուսաստանն ունի նաեւ Ադրբեջանում: Այստեղ կարծիքներ են հնչում, որ էլ ասելու չէ: Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության եւ ազգային միաբանության անդամ, ասում է՝ Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա դաշնակցության խոսքերն է, ինչ գործ ունեք Արդահանի հետ, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին»,- ասաց պատգամավորը:


Փաշինյանի այս խոսքերից բռնկվեց Արտաշես Գեղամյանը. «Չափդ մի կորցրու», -բղավեց նա: Փաշինյանն արձագանքեց. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:


ԱԺ նիստերի դահլիճում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած վեճը շարունակություն է ունեցել միջանցքում:


«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց, որ չի խոսելու այդ պահին քննարկվող հարցի շուրջ, այլ կանդրադառնա մի միջադեպի. «Դիմում եմ ՀՀԿ-ականներին. քիչ առաջ միջանցքում ձեր պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է մեր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջել, որ իր անունն այլեւս չասի: Եթե մարդիկ զսպաշապիկի կարիք ունեն, ասեք, իմանանք՝ մենք էլ դուբինկաներով ու կասկաներով գանք»:


Դահլիճից ՀՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, թե Արտաշես Գեղամյանը իրենց կուսակցությունից չէ: «Կարծեմ՝ ձեր կուսակցության հետ է եկել այստեղ: Կարգապահական տույժերի մեխանիզմներ իրականացրեք: Այդ ամենը անթույլատրելի է ԱԺ համար: Ձեր խմբակցության առաջիկա նիստին անդրադարձեք այդ հարցին»,-ասաց Գորգիսյանը:


Իր հերթին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:


ԱԺ ղեկավարությունը դեռեւս չի անդրադարձել այս միջադեպին: Պարզ չէ նաեւ՝ քննարկվելու է արդյոք այն Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում, թե ոչ:


Հիշեցնենք, որ 2014 թ-ին 5-րդ գումարման Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Լևոն Զուրաբյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև: Ինչ վերաբերում է բարեկրթության սահմաններն անցնող լեզվակռիվներին, ապա դրանց պակասը եւս ՀՀ ԱԺ-ում չի զգացվում: