«Տեղյակ եմ հակամարտության մասին». Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Արցախում է
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին:
Ամերիկացի համանախագահն այսօր հանդիպել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպումնը եւս քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
"Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր", - Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը:
«Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Էնդրյու Շոֆերը: