Նալբանդյանի և Յագլանդի հանդիպումը՝ հիսթերիայի առիթ ադրբեջանական ԶԼՄ-ներում
Նախօրեին աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ - ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։
Ուշագրավ է, որ այս հանդիպումը ադրբեջանական որոշ լրատվամիջոցների մոտ հիսթերիայի ալիք է բարձրացրել: Ըստ այդ հրապարակումների, Յագլանդն արժանացել է ադրբեջանաատյացի պիտակին, ընդ որում հարց է բարձրացվում, թե ինչու Յագլանդը չի պախարակում Հայաստանին այնպես, ինչպես Ադրբեջանին: Մեկնաբանություններն այստեղ, ինչպես ասում են, ավելորդ են, քանզի Հայաստանն ու Ադրբեջանը համեմատության որևէ եզրեր չունեն: Ադրբեջանական ԶԼՄ-ներն անգամ սպառնում են Յագլանդին. «Մենք հետևում ենք ձեզ»:
Նշենք, որ Յագլանդը բազմիցս է քննադատել ադրբեջանական իշխանություններին: Մասնավորապես, նրա համար, որ դրանք ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չեն կատարել: Որպես այս ամենի շարունակություն ԵԽ գլխավոր քարտուղարն առաջարկել է Ադրբեջանին հեռացնել Եվրոպայի խորհրդից: