Կառավարությունը հաստատեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը». «Ծրագիր 2» և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. «Ծրագիր 3» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
Նախարարի խոսքով, համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը: Համաձայնագրով նախատեսվում է «Ծրագիր 2» վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 27 ամսով, ինչպես նաև «Ծրագիր 3» վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 21 ամսով:
Նշենք, որ ներկայացված համաձայնագրերը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել օրենքի տեսքով։