24.11.2024
Կառավարությունը հաստատեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը
prev Նախորդ նորություն

Պետությունը կաջակցի բիզնեսին՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը սահմանել է.

-գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը: Ըստ այդմ սահմանվում են այն եկամտատեսակները, որոնք համարվելու են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Առաջարկվում են նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ հաշվարկվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման առավել հստակ մեխանիզմներ: Արդյունքում ակնկալվում է ապահովել շահութահարկի արտոնության կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ, պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով: Որոշման ընդունումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը հորդորել է կիրառել այնպիսի գործիքակազմ և վարչարարություն, որպեսզի գործարարների համար արհեստական բարդություններ չստեղծվեն:

-ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը և հաստատել ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը:

Մասնավորապես, մշակվել են ծրագրերի գնահատման նոր չափորոշիչներ, էականորեն կրճատվել են նախարարություններում փաստաթղթաշրջանառության ժամկետները, հանվել է կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխանության պահանջը և այլն:

-բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը, որով, մասնավորապես, վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային միասնական հաշվարկ ներկայացնելու համար հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում ընտրում է միասնական հարկային հաշվարկը:

Ակնկալվում է, որ ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, հարկ վճարողների և հարկային ու լիազոր մարմինների միջև շփումների, ինչպես նաև հարկային հաշվառման վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

-ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը: Այն կիրառվելու է երեք ոլորտում՝ կրթություն և գիտություն, սոցիալական և առողջապահական: