24.11.2024
Պետությունը կաջակցի բիզնեսին՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել շատ խոչընդոտներ. Սարգսյան

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին ուղղված ուղերձում:


Երկրի ղեկավարի խոսքով, համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ: Ուրախալի է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային նախորդ համաժողովների ընթացքում մշակված առաջարկները կյանքի են կոչվում համատեղ նախաձեռնությունների միջոցով:


«Անկասկած, ինտեգրացիոն գործընթացները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Առաջին հերթին դա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, որի շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է նոր, ավելի բարձր մակարդակի: Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը նրանում է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար»,- ասել է նախագահը:


Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում մշակված խորհրդատվությունները կնպաստեն գործարար կապերի, միջտարածաշրջանային փոխանակումների զարգացմանը, հասարակական, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ընդլայնմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետագա ինտեգրմանը:


Համոզված եմ, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն իր հերթին կնպաստի Եվրասիական տնտեսական միության գործարար և ներդրումային լայն հնարավորությունների բացահայտմանն ու նոր փոխշահավետ գործարար նախագծերի իրականացմանը: Համաժողովների անցկացումը համապատասխանում է եղբայրության և բարեկամության ավանդույթներին, որոնցով մեր ժողովուրդների հարաբերություններն ամրացվել են երկար դարերի ընթացքում: Համոզված եմ, որ այս ավանդույթներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ամրապնդմանը»,- հավելել է երկրի ղեկավարը: