24.11.2024
ԵԱՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել շատ խոչընդոտներ. Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Նախագծին դեմ են քվեարկել միայն Ելք խմբակցության անդամները: Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:


Նշենք, որ համաձայնագրի մասով փորձագիտական որոշ շրջանակներ ահազանգում էին, թե այն վտանգում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Հնչող հարցերից էին՝ արդյոք այս համաձայնագիրը սահմանափակո՞ւմ է ՀՀ-ի գործողությունները Արցախի բանակին ռազմական տեխնիկա տրամադրելու ուղղությամբ, արդյոք հայկական կողմը պնդել է, որպեսզի Ռուսաստանը նման մի համաձայնագիր էլ ստորագրի Ադրբեջանի հետ, արդյոք ռազմական տեխնիկա մատակարարող կողմն իրավունք ունի՞ ազդելու հայկական կողմի որեւէ որոշման վրա, թե զինտեխնիկան ե՞րբ եւ ինչի՞ համար է օգտագործվելու և այլն:  


Դրանց կապակցությամբ դեռ մի քանի ամիս առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանումներով:


«Համաձայնագրի նպատակն է սահմանված կարգով անհրաժեշտ հսկողության իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների ընթացքում ստացված ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման համար։ Իսկ ինչ վերաբերում է մատակարարող Կողմի կողմից իր երկրի ներքին գներով, այսինքն՝ ավելի էժան գներով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման հարցին, ապա այն չի հանդիսանում հիշյալ Համաձայնագրի առարկա կամ նպատակ եւ չի նախատեսվում կամ կարգավորվում դիտարկվող Համաձայնագրի դրույթներով։


Համաձայնագրի 8-րդ հոդվածը սահմանում է. «Այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաեւ դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Դա նշանակում է ներկայացնել վերջնական օգտագործողի սերտիֆիկատ։ Համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ հսկողություն իրականացնելու նպատակով մատակարարող Կողմի լիազորված մարմնի ներկայացրած հայտում նշվում են այն ռազմական նշանակության արտադրանքը, որի նկատմամբ մատակարարող Կողմը մտադիր է հսկողություն իրականացնել, հսկողություն իրականացման ժամկետները, ինչպես նաեւ այն տեխնիկական միջոցները, որոնք կօգտագործվեն հսկողության ընթացքում։


Համաձայնագրով նախատեսված պայմանների պահպանման դեպքում որեւէ Կողմ չի կարող «թելադրել» ռազմական նշանակության արտադրանքի կիրառմանն առնչվող Համաձայնագրով չնախատեսված այլ պայմաններ։ Այս բնույթի հարցը նախատեսվում է վերջնական օգտագործողի սերտիֆիկատներում։ Տվյալ պարագայում «առկայություն» տերմինը նշանակում է, որ կողմը չի կարող մատակարարված արտադրանքը փոխանցել երրորդ երկրի, իսկ «նպատակային օգտագործում» տերմինը՝ որ Կողմը չի իրականացրել մատակարարված արտադրանքի տեխնիկատակտիկական փոփոխություններ։


Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմը որեւէ քայլ անում է ՌԴ-ին պարտավորեցնելու նմանատիպ համաձայնագիր ՌԴ-ն կնքի նաեւ Ադրբեջանի հետ, միջազգային համագործակցության շրջանակները եւ ձեւաչափը յուրաքանչյուր պետության ներքին գործն է»։