24.11.2025
Հյուսիս հարավի կառուցապատման խնդիրները. Կարապետյանը չինական ընկերությունից պահանջել է որակ
24.10.2017
Հյուսիս հարավի կառուցապատման խնդիրները. Կարապետյանը չինական ընկերությունից պահանջել է որակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից,Կարեն Կարապետյանը կարևորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը: Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը և ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուտեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար: Անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաև նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հյուսիս հարավի Թալին-Լանջիկ հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, պահանջել էր չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Նշվում էր, որ ընկերությունն իր պատասխանատվությամբ, առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։ Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի եւ նոր, որակով բետոնապատում իրականացնի։ Նույն պահանջն է ներկայացնում նաեւ այս հատվածի վերահսկող ինժեները, ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նախարարը նաեւ հանձնարարել էր մշտական վերահսկողությունն սահմանել, շեղումներ լինելու դեպքում՝ համապատասխան միջոցներ կիրառել։ Նա չինական ընկերության պատասխանատուներից պահանջեց արդյունավետ եւ որակով աշխատանք՝ շեշտելով, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հիմքի, ենթահիմքի նյութերին եւ բետոնի որակին։