Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունից հետո ծառայողական քննություն է անցկացվելու
26.12.2018
7-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլյան պատերազմի մասին արած հայտարարությունից հետո ծառայողական քննություն է նշանակվելու, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Փաշինյանը, ավելի վաղ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշմանը՝ ասել էր, որ Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության մասին:
Կարապետյանը պաշտոնանկ էր արվել պատերազմից անմիջապես հետո՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:
«Տարբեր մակարդակներում տեղի կունենան ծառայողական քննություններ՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին: Ըստ վարչապետի հայտարարության՝ հետախուզական տվյալների պակասի պատճառով չէ, որ մենք ունեցել ենք զոհեր, այլ այդ տվյալները չկիրառելու պատճառով, և մենք մատների արանքով ենք նայել դրանց», - ասել է Քոչարյանը:
Նա նաև հավելել է, որ եղել են դեպքեր, երբ ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել կիրառության մեջ դնել՝ վառելիքի բացակայության պատճառով:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նույնպես հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակահատվածում Զինված ուժերին հայտնի են եղել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին տեղեկություններ: