6.02.2026
Առանց արքայազն Չարլզի և օտարերկրյա նախագահների. ովքե՞ր չեն լինի Սարգսյանի երդմնակալությանը
28.03.2018
Առանց արքայազն Չարլզի և օտարերկրյա նախագահների. ովքե՞ր չեն լինի Սարգսյանի երդմնակալությանը

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է նորընտիր նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ, օտարերկրյա հյուրեր կլինեն, թե ովքեր, առայժմ չեն կարող հրապարակել, սակայն Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը հրավիրյալների ցանկում չկա: Մինչդեռ, նկատենք, մամուլն ավելի վաղ գրել էր, թե Արմեն Սարգսյանը ցանկություն ունի, որպեսզի արտերկրից հրավիրվող պաշտոնյաների ցուցակը գլխավորի հենց արքայազն Չարլզը: Հիշեցնենք, Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ազգային ժողովի հատուկ նիստում: Ազգային ժողովի խորհուրդը նաև որոշում է կայացրել նիստի անցկացման կարգի մասին: Ըստ այդմ, հատուկ նիստին հրավիրվող անձանց ցանկը կհաստատի Ազգային ժողովի նախագահը: Աղբյուրը հիշեցնում է, որ հրավիրյալների ցանկն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավարը, նորընտիր նախագահը ցանկություն է հայտնել, որպեսզի իր երդմնակալության արարողությանը ներկա լինեն Հայաստանի բոլոր նախկին նախագահները, այդ թվում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդեն իսկ հայտնի է, որ Քոչարյանը ներկա չի լինի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը, քանի որ, ինչպես նրա գրասենյակի ղեկավարն էր նշել, Քոչարյանն այդ օրերին լինելու է արտերկրում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը մինչ այս պահը հստակ չէ: