23.12.2024
Երևանը չի՞ ընդունում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները
03.08.2015
Երևանը չի՞ ընդունում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը չի պատրաստվում փոփոխություն մտցնել սահմանադրության նոր նախագծում, ըստ որի, խորհրդարանական ընտրություննների արդյունքում մասնակիցներից մեկը՝ կուսակցությունը կամ դաշինքը, պետք է ստանան կայուն մեծամասնություն Ազգային ժողովում: Եթե ընտրությունների առաջին փուլի արդյուքնում ԱԺ-ում չի ձևավորվում խորհրդարանական կայուն մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք առավելագույն թվով ձայներ են հավաքել: Օրերս Եվրոպական խորհրդին կից Վենետիկի հանձնաժողովը իր նախնական գնահատականում խորհուրդ էր տվել հանել այդ դրույթը: Ինչպես այսօր հայտարարել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, իրենք բանակցելու են Վենետիկի հանձնաժողովի հետ: Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովը բովանդակային առումով ոչ մի առարկություն չունի, խոսքը միայն այն մասին է, որ վիճելի դրույթը տեղ գտնի Ընտրական օրենսգրքում, այլ ոչ թե սահմանադրությունում: Պողոսյանը ընդգծել է, որ հանձնաժողովը կարող էր այդ դրույթը ֆիքսել Ընտրական օրենսգրքում, եթե նպատակ ուներ հասարակությունից թաքցնել գործընթացը: «Բայց մենք կարծում ենք, որ դա այնքան կարևոր հարց է, որ հիմնական չափորոշիչներով պետք է տեղ գտնի սահմանադրության նախագծում», - նշել է Պողոսյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակեց Հայաստանի Հիմնական օրենքի առաջին յոթ փոփոխված գլուխները: Նախագծի համաձայն, Հայաստանը գործող կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևի: ԱԺ ընտրվում է հինգ տարվով՝ համամասնական ընտրակարգով և կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից: Գործող սահմանադրությամբ նրանց թիվը հասնում է 131-ի և նրանց մի մասը ընտրվում է մեծամասնական ընտրակարգով: Այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժ չի կարողանում ստանալ մեծամասնություն, անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են երկու կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք առավելագույն ձայներն են հավաքել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնական կետերը: Իր հերթին նախագահը ընտրվում է յոթ տարով և ոչ ավելին, քան մեկ անգամ: Գործող սահմանադրությամբ երկրի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով և ոչ ավել քան երկու անգամ անընդմեջ: Ի տարբերություն գործող համակարգի, Սահմանադրության նոր նախագիծը չի ենթադրում նախագահի ուղիղ ընտրություններ: Երկրի ղեկավարն ընտրվում է ընտրիչների խորհրդի կողմից, որը բաղկացած է լինելու ԱԺ պատգամավորներից և պատգամավորներին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներ: