Մամուլի տեսություն. Ֆինանսների նախարարությունը հարկային «տեռոր» է սկսել
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11-ին՝ ժամը 01:33-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում մահացել էր Արցախի Հանարպետության Բերձորի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը: Ըստ նախնական տվյալների` Էդգարը իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Էդգարին մեկ շաբաթ էր մնացել` ծառայությունը ավարտելու համար: Այս դեպքում զարմանալի է, թե ինչը կարող էր լինել կատարվածի պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերձոր համայնքի ղեկավար Արթուր Սահակյանն ասաց, որ իրենց համար եւս կատրվածը շատ տաօրինակ է. «Կարծում եմ, որ տղան չէր կարող այդ քայլին գնալ, միգուցե, կատարվածը պատահականություն է եղել: Թե չէ, Էդգարը լավ ծառայում էր, որեւէ խնդիրը չի եղել այս ընթացքում: Եթե լիներ, մենք կնկատեինք, հայրը հաճախակի կգնար, բայց այս ընթացքում նման բան չենք նկատել: Ծնողներն էլ չգիտեն, թե ինչն է եղել կատարվածի պատճառը, եւ հիմա գնացել են տղայի զորամաս, կոնկրետ դիրքեր են գնացել՝ հասկանալու համար, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել»:
Ըստ համայնքի ղեկավարի՝ միգուցե դեպքը տեղի է ունեցել զենքի հետ աշխատելիս. «Դե, բոլորս էլ ծառայել ենք, միգուցե զենքը քանդել են, մաքրեն եւ նման այլ բաներ, ինչն էլ պատահական կրակել է»: Նկատենք, որ սա այս տարվա առաջին դեպքը չէ ԼՂՀ ՊԲ-ում: Հիշեցնենք, որ 2015թ փետրվարի 28-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացել էր ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողն ինքն իրեն ստորին ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Ալբերտը Երեւան քաղաքի բնակիչ էր, եւ նրա հարեւաններն ու հարազատները վստահեցնում էին, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, թե տղան ինքնասպանություն է գործել: Սա էլ դեռ վերջը չէ. մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Ղամբարյանը: Տղայի մահվան դեպքի առթիվ եւս հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Վերջինիս հարազատները պնդում են, որ նա ինքնասպան լինել չէր կարող: Այսպիսով՝ 6 ամիսների ընթացքում երեք զինվորի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով 3 քրեական գործեր են հարուցվել: Համաձայնեք՝ ցուցանիշն իսկապես մտահոգիչ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարությունը համատարած ստուգումներ է սկսել մի շարք տնտեսվարողների մոտ: Ըստ նույն տեղեկությունների՝ հարկային ծառայությունը տնտեսվարողների նկատմամբ իսկական «տեռոր» է սկսել, որի նպատակը ընկերություններին մեծ տուգանքների ենթարկելն է: Սակայն ուշագրավն այն է, որ այդ ստուգումների թիրախում են հայտնվել նաեւ ՀՀԿ-ականների բիզնեսները: Այսինքն՝ ստուգումներ են իրականացվում այնպիսի ընկերություններում, որոնք սովորաբար նախկինում չեն ստուգվել: Իսկ դրանց արդյունքում կազմվող ակտերով նշանակվող տուգանքները ՀՀԿ-ականների համար լուրջ գլխացավի առարկա են դարձել, քանի որ նրանք սովոր չեն «անարդարության» եւ միշտ համոզված են եղել, որ իրենք ապահովագրված են նման ճակատագրից:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից հերթագրվում են՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու իրենց հանդեպ տեղի ունեցող «անարդարության» մասին նրան տեղեկացնելու համար: Այսինքն՝ ՀՀԿ-ականների մոտ համոզմունք կա, որ տեղի ունեցող գործընթացի մասին Սերժ Սարգսյանը կարող է տեղյակ չլինել: Ի դեպ, նա իրեն հենց այդպես` անտեղյակի պես էլ պահում է՝ միայն հայտնելով, թե կհրահանգի օբյեկտիվ լինել: Այսինքն՝ չստուգման կամ չտուգանելու խոստում Սարգսյանը չի տալիս: Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իշխանությունները որոշել են առաջիկայում անգամ յուրայիններին տուգանելու միջոցով լցնել պետբյուջեն, քանի որ ոչ յուրայիններից այլեւս գումար «պոկելու» տեղ չի մնացել: Իսկ էլ փող չկա»: