Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը՝ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում: