24.11.2024
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
prev Նախորդ նորություն

Աճում է ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվը

Անցած տարի աճել է Հայաստանն մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացածների թիվը:


ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունը տվյալներ է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետության` Հայաստանում գտնվող քաղաքացիների մասին: Ծառայությունից հայտնեցին, որ 2018թ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն հունվարի 20-ից հետո միայն, այնուհանդերձ, անգամ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ։


Այսպես, 2015թ. նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք – 3951, ելք – 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 4148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10237 ելքերը 9122, տարբերությունը 1115։


Ինչ վերաբերում է կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա այս դեպքում նույնպես առկա է աճ։ 2015-ին կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացիներ․ 2016-ին՝ 1086, 2017-ին 938, իսկ 2018թ. նախնական արդյունքերով այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։ Հարկ է նշել, որ Հնդկաստանի քաղաքացիները ստացել են գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։


Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև վիզային քաղաքականությամբ։ 2017թ-ի փետրվարին ընդունված որոշմամբ (N 103-Ն) ՀՀ կառավարությունը հնարավորություն տվեց Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում։


Իսկ 2017թ․ նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց նոր որոշում (N 1435-Ն) ըստ որի՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը ավելի դյուրացվեց՝ հնարավորություն տալով ՀՀ մուտքի վիզա ստանալ առանց հրավերի, ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա (E-Visa) համակարգի միջոցով, ինչը հանգեցրեց Հայաստան այցելող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճի:


Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը:


Նշենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ այցելության մուտքի արտոնագրերը տրվում են ՀՀ-ում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով (պետական տուրքը կազմում է 3000 դրամ) և մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ (պետական տուրքը կազմում է 15,000 դրամ)։