1.12.2024
 Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին հանդիպել դեմ առ դեմ
17.02.2015
Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին հանդիպել դեմ առ դեմ

ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա մասնավորապես առաջարկել է Սերժ Սրգսյանին հանդիպել դեմ առ դեմ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման համար: Օրեր առաջ Տեր-Պետրոսյանը հադես էր եկել ծավալուն հոդվածով վերջերս ընդունված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրի» վերաբերյալ: ՀԱԿ առաջնորդը հինգ կետերով քննադատել էր հռչակագիրը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: «Ս.թ. փետրվարի 12-ի կեսօրին ես մի նյութ էի ուղարկել iLur կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, ես անմիջապես հիշյալ խմբագրություններից ետ կանչեցի այդ նյութը, քանի որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր։ Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Ուստի ուշացած, այնուամենայնիվ, ուզում եմ հասարակության սեփականությունը դարձնել այդ նյութը, որը ես վերնագրել էի «Բաց նամակ Սերժ Սարգսյանին», - գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը. «Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով. ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։ բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային եւ համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարեւորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։ Երեկ ես մամուլի միջոցով իմ մտահոգություններն էի արտահայտել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ (iLur.am, «Չորրորդ իշխանություն». 11.02.2015), ընդգծելով նրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ, իմ կարծիքով, այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։ Այժմ, արդ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Հետեւաբար՝ 1. Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին. 2. Չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը. 3. Տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին. 4. Որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ առաջարկվող խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից եւ իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից։ Ես կհուշեի այդ չափանիշներին համապատասխանող հետեւյալ անձանց անունները. Հայաստանից՝ Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Վանո Սիրադեղյան, Վարդան Օսկանյան, Ստեփան Դեմիրճյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Շուգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Ոսկանյան, Արա Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Աշոտ Սարգսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Կտրիճ Սարդարյան. Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Ժիրայր Լիպարիտյան, Խաչիկ Թոլոլյան, Ռուբեն Ադալյան, Արա Սանջյան, Համբիկ Սարաֆյան, Րաֆֆի Ուրֆալյան. Ֆրանսիայից՝ Արման Սարյան, Ժիրայր Մալխասյան, Միշել Մարյան, Րաֆֆի Գալֆայան. Թուրքիայից՝ Լեւոն Զեքիյան, Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյան։ Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ։ Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական։ Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ»։