5.03.2026
Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա
06.11.2018
Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է․ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա

«Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, որը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտությա վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին խոսել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ով վերջերս այցելել էր Հայաստան: Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխության տեսքով: Նա նշում է, որ այժմ հայերը հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել ընտրաթերթիկի միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճ, անվտանգ Հայաստանին եւ կշարունակի մնալ բարեկամ ու գործընկեր Հայաստանի որդեգրած այս նոր ճանապարհին: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան եւ տարածաշրջան: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը: