Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: Նշենք, որ համաձայն Սահմանադրության նորընտիր խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, այլ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իշխող «իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: