24.11.2024
Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը «աննշմար» առաջ է գնում. նա սպասում է զարգացումներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։ Բացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը, որը հատկապես արցախյան հիմնախնդրին առնչվող նրա նախկին ելույթներն է շրջանառում։ Վերակազմավորման այս փուլում ՀՀԿ-ում շատ բան են ծանրութեթեւ անում, հետո միայն քայլեր ձեռնարկում։ Սերժ Սարգսյանից մեծ ակտիվություն պահանջող կուսակցականները հաճախ են դժգոհում, թե ինչու է ուշանում ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, չէ՞ որ երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։ Ըստ մեր աղբյուրի, բոլոր նախկինները, այդ թվում Սերժ Սարգսյանը, սպասում են արցախյան հարցում զարգացումներին, հասկանալու համար` ի վերջո, ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այդ հարցում, ինչից էլ կախված է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ճակատագիրը։ «Որքան էլ Փաշինյանն իրեն դուրս դնի հարցի կարգավորումից, միեւնույն է, նա է փաստացի բանակցություններ վարողը»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դժվար է հստակ ասելը՝ ով ինչով է զբաղված իշխանության ներսում։ Մարտնչող սպասարկողների, դամ պահողների, հեղափոխական արժեքներին հավատացողների շարքում, պարզվում է, կան նաեւ պրագմատիկ «գործ դզողներ», կադրային հարցեր լուծողներ ու իշխանությունը նախկիններից ոչ պակաս վայելողներ։ Նրանցից մեկը, ասում են, պատգամավոր, երեւանցի քիչ թե շատ հայտնի մեկի հարազատի ուղեկցությամբ վերջերս եղել է Մոսկվայում։ Դիմավորել են լավ շրջապատի տղերքը, մասնակից դարձրել տարաշխարհիկ վայելքների։ Աչքերն են բացել, ինքնագնահատականն են բարձրացրել։ Այնքան, որ օդում էլ է արտահայտվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հատուկ Քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում: Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եւ Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ 2015թ. ՊՆ-ն շուկայականից բավականին ցածր գնով հողատարածք է օտարել, եւ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51 միլիոն ՀՀ դրամի վնաս: Ըստ կոմիտեի` 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից 38 միլիոն ՀՀ դրամով օտարվել է Երեւան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն` հողատարածքի միջին շուկայական գինը կարող էր կազմել շուրջ 89.5 միլիոն ՀՀ դրամ: Նկատենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը, որը միգուցե կապ է ունեցել հողատարածքների գնման գործընթացի հետ: Այդ տարածքը նրան է վաճառվել, թե ուրիշի, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատյան մաքսատան գանձումների համակարգման եւ հաշվառման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արամ Ազարյանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քեռին, պաշտոնը ստանձնելուց 8 ամիս անց միայն ներկայացրած հայտարարագրում որպես եկամուտ նշել է կենսաթոշակը՝ չլինելով թոշակային տարիքում: Ազարյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 15 մլն դրամ, որից 1 մլն 995 հազարը՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 268 հազար 400 դրամը՝ որպես կենսաթոշակ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում «Նոյի» փոխարեն այլեւս «Բյուրեղ» են խմում: Խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ուղղվեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ Աշոտ Արսենյանի ընկերությանը: Որեւէ մեկը չի հարցրել պատգամավորների կամ աշխատակազմի կարծիքը, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել. Հայրապետյանը չի հարաբերվում իշխանության հետ, մինչդեռ Արսենյանը, ըստ տարածվող լուրերի, լուծել է իր հարցերը Փաշինյանի իշխանության հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» մեր աղբյուրի փոխանցմամբ` իշխանությունները շտապում են Վահե Գրիգորյանին ՍԴ «մուտքագրել». «Վահեն հեռահար ծրագրով է ՍԴ գնում. չնայած թիմում նաեւ տեղյակ են Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը` նա հրաժարական չի տալու»: «Ունեինք երկու ճանապարհ` ժողովրդին կոչ անել ու շրջափակել ՍԴ-ն, ինչպես ԱԺ-ն ու դատարանները, հրաժարական պարտադրել, սակայն կատեգորիկ որոշվել է այդ ուղին չընտրել»: Կարծում եք` վեթինգով ինչ-որ բանի կհասնե՞ք։ «Ինչո՞ւ ոչ»: Ի դեպ, մեր տեղեկություններով, արդեն իսկ ուսումնասիրվում են Հրայր Թովմասյանի «դոսյեները»` արդարադատության նախարար եղած ժամանակվա։ Նրա կողմնակիցները պնդում են` «սրտներն ուզածի չափ թող նայեն»։ «Ճիշտ կլինի, որ իշխանությունները մտածեն իրենց` երբեմնի կալանավորված, գաղտնալսման հերոս Վահեի մասին»,- ասաց իրավաբան մեր զրուցակիցներից մեկը»:


«Փաստ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո այս պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Ն. Բաղդասարյանին եւ փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցին՝ Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Նախ՝ ցանկություն չունեմ, երկրորդը՝ չափանիշներին չեմ համապատասխանում»: Ինչ վերաբերում է անցումային արդարադատության ներդրմանը, պատգամավորն իր մասով ուղղակի պատասխան չտվեց, այլ ուղղակի նշեց. «Գրեթե բոլոր պետություններում, որտեղ եղել է հեղափոխություն, անցումային արդարադատություն է իրականացվել: Ես, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել մի պետություն, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց անցումային արդարադատություն չի եղել: Սա ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային այլ փաստաթղթերով ամրագրված ընթացակարգ է, եւ նախաձեռնությունը, որպես կանոն, հենց ՄԱԿ-ից, միջազգային կազմակերպություններից է գալիս: Մինչեւ հեղափոխությունը ես այլ պետություններում ներգրավված եմ եղել այդ գործընթացներում: Ծանոթ եմ գործընթացներին եւ շահագրգռված եմ, որ ՀՀ-ում անցումային արդարադատությունը պատշաճ ձեւով իրականացվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։ Թեեւ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, եւ այսուհետ Կոստանյանը ՌԴ դատախազների համար դասախոսություններ կկարդա։ Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Կոստանյանն ինքն էլ հայտարարեց, որ պատրաստ է օգել նոր իշխանություններին, իր կարողությունները ծառայեցնել մեկնարկած բարեփոխումներին, սակայն գնաց Մոսկվա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոստանյանից ճշտել նոր կարգավիճակի մասին տեղեկությունը, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Այսպիսով, նախկին դատախազն էլ դուրս եկավ երկրից, որին ինչքան էլ քննադատած լինենք, չենք կարող չարձանագրել, որ պրոֆեսիոնալ կադր է եւ չկոռումպացված»։


«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակներում կարծես թե տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդիպում: Այն հանդիպման փոխարեն, որը պետք է կայանար օրերս ղազախական Նուր-Սուլթանում եւ որն այդպես էլ չկայացավ շատ տարօրինակ մեկնաբանություններով: Ճիշտ է, պաշտոնական Երեւանը երեկվա դրությամբ դեռ չէր հայտարարել, որ Փաշինյանը կմեկնի ՌԴ, սակայն Պեսկովը տեղեկացրել էր. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»: ՌԴ վարչապետի խոսնակի նշված հայտարարությանը զուգահեռ խոսակցություններ տարածվեցին, որ Սանկտ Պետերբուրգում կլինի նաեւ Իլհամ Ալիեւը: Իսկ դա սկիզբ դրեց այլ բնույթի խոսակցությունների, որ արդեն պետք է սպասել ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ դրան կհաջորդի Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Այլ վարկածով, այն կարող է լինել նաեւ եռակողմ ձեւաչափով՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան:


Իհարկե, այս լուրերի տակ տրամաբանություն կա: Այսինքն՝ սպասելի էր, որ դեռ Նուր-Սուլթանում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման հիմնական հարցերից մեկը պետք է լիներ արցախյան գործընթացը: Ավելի կոնկրետ, ըստ շրջանառվող հիմնական վարկածներից մեկի, Փաշինյանից ակնկալվում էր վերջնական դիրքորոշում՝ բանակցային ընթացիկ կարգավորման մեխանիզմի հետ կապված, որը վերջերս բացահայտել էր Մինսկի խումբը: Դրանից հետո եղավ Փաշինյանի հայտարարությունը, որ նա այդ մեխանիզմի հետ կապված պարզաբանումներ ստանալու խնդիր է տեսնում, եւ Մոսկվայում ապրիլի կեսերին տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան ձեւաչափով հայտնի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, այդ պարզաբանումները եղան»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին: Միջանկյալ լուծմամբ էլ ԺՊ նոր ռեկտորը` Գեղամ Գեւորգյանն է փորձում «սեւ» գործերն անձամբ անել` ազատվել սորոսականների չսիրած կադրերից, իրենց ազատությունը պահած ազգային մտածողության կրողներից, այդ թվում` Վահագն Վարագյանից, նրա թիմակիցներից: Բոլոր դեպքերում, դիակիզարանների եւ գերեզմանների վրա «մասնագիտացած», «Բաց հասարակության հիմնադրամներից» պատկառելի գումարներ ստացած, «սորոսականի» համարում ունեցող իմքայլական նախկին ԿԳ փոխնախարարն այդ պոստում նշանակվելու «երկաթյա» պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։ Այդ հեռանկարը խոր զայրույթ է առաջացնում համալսարանի դասախոսա-ուսանողական սեկտորում. վերջիններս ունեն իրենց թեկնածուն եւ, ի անհրաժեշտություն, լուրջ մարտեր են մղելու համալսարանը սորոսացնելու դեմ»:


«Ժամանակ» թերթը գրում է. « Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, նախօրեին ավտովթարի է ենթարկվել, որի հետեւանքով կոտրել է ձեռքը: Այս պահին նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար»: