24.11.2024
Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում
prev Նախորդ նորություն

Գյումրու օդանավակայանի զարգացում, տեղական ավիափոխադրող. Փաշինյանը նշեց գերակայությունները

Երկու կարևոր խնդիր կա. մեկը Գյումրիի օդանավակայանի ամբողջ ծավալով գործարկումն է, հաջորդը տեղական ավիափոխադրող ունենալը: Այս մասին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովում» ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, առաջնահերթ է  հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկել Գյումրիի օդանավակայանը, ինչն, իր հերթին, կնպաստի ավիատոմսերի գների նվազմանը: Իսկ սա իր դրական ազդեցությունը կունենա գերակա ուղղություններից մեկի՝ տուրիզմի զարգացման առումով:


Փաշինյանը նշեց, որ Հայաստանում տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալները այնպիսին չեն, ինչպիսին ցանկանում ենք կամ վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Եվ հենց դա կառավարության, «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ընկերության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությա  համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի.


«Այդ համագործակցության արդյունքում պետք է  կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալը, նրանց մրցունակությունը ապահովելը»,- շեշտեց Հայաստանի վարչապետը:


Նա նաև ասաց, որ օդային փոխադրումները Հայաստանի  համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն կիսաշրջափակված վիճակում է, իսկ այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: 


Նշենք, որ արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ: Այդ մասին այսօր ասել է ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: