24.11.2024
Մամուլ. Դավիթ Հարությունյանն այլևս կարկառուն ՀՀԿ-ական չէ, նրա վրա այլ «Լույս» է բացվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում և Արցախում զորավարժություններ են՝ Ս-300 զենիթահրթիռային համալիրների մասնակցությամբ

ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստ են հակադարձել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օդային տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը:


Փոխգնդապետ Տոռոզյանի ենթակայության տակ գտնվող զորամասը հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած մարտական հրաձգությամբ զորավարժությունների մասնակիցներից մեկն է:


«Զորամասը շուրջօրյա կրում է մարտական հերթապահության համար 2 պատրաստականությունը: Զորավարժությունների շրջանակներում փորձարկվում են ինչպես նոր զենիթահրթիռային համալիրներն, այնպես էլ արդիականացված զենիթահրթիռային համալիրները: Ցանկացած ոտնձգության պատրաստ ենք օրվա ցանկացած պահի և եղանակի: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից»,- ասաց Տոռոզյանը:


Զորավարժությունների ընթացքում զորամասում փորձարկվում են նաև S-300 հեռահար զենիթահրթիռային համալիրները:


«Մինչև 6 րոպեում զենիթահրթիռային համալիրները բերվում են համար 1 պատրաստականության վիճակի և պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Զորավարժության ընթացքում փորձարկվում են նաև հայկական արտադրության նոր տեսակի ռադիոլոկացիոն կայանները: Մշակվում են փոխգործակցության հարցերը Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ուժերի ու միջոցների հետ»,- նշեց փոխգնդապետը:


Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:


Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրե­նական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ: