24.11.2024
Նախագահը դեսպաններ է նշանակել Չեռնոգորիայում և Ուզբեկստանում
prev Նախորդ նորություն

Դատավորների աշխատավարձերը կհասնեն 2,5-3 մլն, բայց ոչ բյուջեի հաշվին. Փաշինյան

Կառավարությունը մտադիր է բարձրացնել դատավորների աշխատավարձը, սակայն ոչ բյուջեի հաշվին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   


Նրա խոսքով, Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալ հնարավոր չէ, եթե դատավորների աշխատավարձը 5-6 անգամ չբարձրանա։ Այս ամենը նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների տրամաբանության մեջ է լինելու, թեև վարչապետը գտնում է, որ այդ հարցում շատ կարևոր է չշտապել ու ափալ- թափալ գործողություններ չանել.


«Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն այս հարցում և 2-3 տարի հետո դատավորների, նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք բարձրացնել, դարձնել 2,5-3 մլն դրամ։ Դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը։


Նա ասաց, որ համոզված է, որ կառավարությունն այդ ընթացքում կկարողանա լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ և թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և թե՛ քաղհասարակությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալու հարցում սա է ճիշտ ճանապարհը.


«Այդ ժամանակ կհասկանան, որ սա մի ծախս է, որն արժե անել և հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից գումար տրամադրել՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ», - ընդգծեց նա:


Նշենք, որ ըստ վարչապետի, խոսքը 10 մլրդ դրամի մասին է։