16.01.2025
Չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը. ԱԱԾ տնօրենը՝ Մարտի 1-ի գործով նոր զարգացումների մասին
09.08.2018
Չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը. ԱԱԾ տնօրենը՝ Մարտի 1-ի գործով նոր զարգացումների մասին

Ստացվել են օպերատիվ տվյալներ և կա վարկած, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 2008-ի մարտի 1-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, ըստ այդ տվյալների հնարավոր է, որ այդ զենքերը առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։ Սակայն, շեշտեց Վանեցյանը, այդ վարկածը պետք է ստուգվի. «Նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն»,- ավելացրեց նա։ «Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք, հնարավոր է, օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ։ Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,- ասաց նա։ Իսկ հնչած հարցին՝ խոսքը թիկնազորների անդամների մասի՞ն է ԱԱԾ տնօրենը տվեց դրական պատասխան՝ այո։ Վանեցյանը նաև նշեց, որ չի կարող այս պահին ասել, թե Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների կողմից է այդ զենքն օգտագործվել: Կարող է ասել միայն, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարվել է, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ. «Չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը։ Եղել են թիկնապահներ, եղել են կողմնակիցներ, և այլն»,- հավելեց նա։ Հիշեցնենք, նախօրեին ԱԱԾ-ն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:  2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: