11.07.2026
Հայ փրկարարները պատրաստ են օգնություն ցուցաբերել Իրանին. նախարար
08.11.2019
Հայ փրկարարները պատրաստ են օգնություն ցուցաբերել Իրանին. նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: