Ինչպե՞ս բանակցել, երբ Բաքուն չի պահում անգամ չնչին պայմանավորվածությունը. Աբրահամյան
Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Առաջին բանը որ մտքիդ գալիս է հետևյալն է՝ եթե այսպիսի հաճախականությամբ իրականացվող դիտարկումներին Ադրբեջանը պատշաճ ձևով չի մոտենում, պայմանավորվածություն է խախտում, ապա ի՞նչ կտա մեզ, եթե վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում ավելացվի իրականացվող դիտարկումներ թիվը: Այս հարցադրմամբ հանդես է եկել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այս ամենն ասում եմ, որովհետև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո, Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանն էր վերաբերում, ինչը հնարավորություն էր տալու առավել հաճախակի դարձնել առաջնագծում անցկացվող դիտարկումները: Իսկ դա այսօր էլ բանակցությունների օրակարգային հարցերից է:
Պարզ է, որ ցանկացած իրավիճակում, երբ Ադրբեջանն առաջնագծում ինչ որ բան ունի թաքցնելու, ապա ԵԱՀԿ առաքելությանն առաջապահ դիրքեր դուրս չի բերելու: Սա, ի դեպ, առաջին անգամ չէ, սակայն միջնորդները հրապարակային ձևով որևէ ձևով չեն արձագանքում:
Ու սա այն դեպքում, որ նույնիսկ Ադրբեջանի համար այս դրույթի իրականացումը խնդիր չէր, ի տարբերություն, օրինակ, առաջնագծում հետաքննության մեզանիզմի ներդրման գաղափարը:
Եթե Ադրբեջանն ի վիճակի չէ կամ անհրաժեշտ կամք չի դրսևորում նույնիսկ այս պայմանավորվածության իրականացման համար, ապա անհնար է պատկերացնել, թե ինչ պայմանավորվածություն կարելի է ձեռք բերել բանակցությունների հիմքում դրված սկզբունքների կամ որևէ փաստաթղթի շուրջ»,- գրել է Աբրահամյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ հերթական անգամ Ադրբեջանը փետրվարի 6-ին անցկացված դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: