Նախագահը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և դիմել է ՍԴ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը և դիմել է Սահմանդրական դատարան: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ 2019թ–ի սեպտեմբերին, կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ այն մշակվել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով:
ՀՀ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։
Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Ճզմաչյանը ևս օրեր առաջ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխված տարբերակը Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համար վտանգավոր էր համարել։