25.11.2024
Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ կունենա Ազգային Ժողովում
prev Նախորդ նորություն

Վարչապետը հանձնարարեց զբաղվել հումքի վաճառքի արտոնյալ ընկերությունների հարցով

ՀՀ կառավարությունը այսօրվա իր նիստում բավարարել է ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ հայտը:


Ընկերությունը 2008 թ.-ից գործում է Գյումրիում՝ նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Ներկայումս ընկերությունն իր 25 մ2 արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 մ2 տարածք ունեցող նոր արտադրամաս: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է) արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով:


Տնտեսվարողներին տրամադրվող արտոնություններին վերաբերող հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատանքային քննարկման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի բարձրացրած խնդրին:


«Ես կարծում եմ այն շատ հիմնավոր է: Տեսեք ինչումն է խնդիրը. մեր երկրում կան ձեռնարկություններ, որոնց մենք հումքի ներկրման համար տալիս ենք մաքսային և հարկային արտոնություններ: Այսինքն՝ տրվում է արտոնություն, որ ինքը հումքը ներկրի, Հայաստանի Հանրապետությունում իրականացնի արտադրական գործունեություն և, համապատասխանաբանար, իր գործունեությամբ ստեղծի ավելացված արժեք:


Բայց Պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան այս արտոնություններից օգտվող ընկերություններ, որոնց շրջանառության մեջ հենց այս արտոնյալ հումքի վաճառքն ուրիշ ընկերություններին ավելի մեծ ծավալներ է ապահովում, դրամաշրջանառություն և գործունեություն, քան արտադրանքի ծավալը: Այսինքն՝ ստացվում է, որ մենք այսպիսի որոշմամբ շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք բնականաբար կարող են իրենց այս գործողությունների արդյունքում ունենալ մենաշնորհային որոշակի առավելություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Հարցի առնչությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այդ ընկերությունների գործունեության նկատմամբ հսկողությունը հասցեական և պատշաճ իրականացնելու համար առկա գործիքակազմը բավարար չէ և անհրաժեշտ են փոփոխություններ՝ գործող իրավական ակտերում:


Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցի լուծումը գտնելու համար կազմակերպել միջգերատեսչական քննարկումներ: