Բավրայի մաքսակետում բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք. Փաշինյանը զարմացած է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր հայտարարեց ևս մեկ կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր.
«Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Նրանք աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ իր արձագանքը նույնն է՝ զարմանում է այդ մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ նման մարդիկ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն հետևում:
«Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: